Համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործներ Յարոսլավա Բրիխտովայի և Ստանիսլավ Լիբենսկու «Քաղաքի ուրվապատկերը» աշխատանքների ցուցահանդեսը բացվել է շաբաթ օրը Երևանի «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում։ Բացմանը ներկա է եղել նաև Յարոսլավա Բրիխտովան։
Ցուցահանդեսին ապակուց պատրաստված տասնմեկ քանդակներ են ներկայացվել։ Կենտրոնական տեղ է հատկացվել «Քաղաքի ուրվապատկերը» եռաքանդակին, որը ստեղծվել է 1989թ.-ին։
«Եռաքանդակի ստեղծմանն ազդակ է ծառայել Հայաստանի 1988թ.-ի երկրաշարժը։ Հենց այդ իրադարձությունների վերապրումներն են ոգեշնչել, որ ստեղծվեն այս քանդակները»,- ասաց Բրիխտովան։
«Գաֆեսճյան» կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Աննա Սիմոնյանն իր հերթին նշեց, որ եռաքանդակը մարդկային ցավի արձագանքն է, որն ընդգծում է այդ մթնոլորտը, ինչպես նաև Հայաստանի հետ չեխ քանդակագործների կապը, որը նա խաչքարերի տեսքով է ներկայացրել։
«Կոմպոզիցիան արվել է շափյուղայից և այնպիսի գույն ունի, որը ստանալը շատ դժվար է, դրա համար էլ դրանք իրենց տեսակի մեջ յուրահատուկ քանդակներ են»,- ասաց Սիմոնյանը։
Յարոսլավա Բրիխտովան և Ստանիսլավա Լիբենսկին ապակուց պատրաստված արվեստի ուղղության մեջ առաջատարներն են։ Հատկապես նրանց շնորհիվ է ապակին քանդակների համար որպես լիարժեք նյութ դիտարկվել։
Սա «Գաֆեսչյան» կենտրոնում արվեստի չեխ գործիչների արդեն երկրորդ ցուցահանդեսն է։ Առաջինը՝ «Լիբենսկի-Բրիխտովա. Հայաստանի համար», բացվել է 2009թ.-ի նոյեմբերին։ Կենտրոնում ներկայացված են նաև չեխ քանդակագործների աշակերտների աշխատանքները։ -0-