Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին ներկայացրած ղարաբաղյան բանաձևը քննարկումից և քվեարկությունից չի հանել, այլ ընդամենն իրեն հարմար ժամանակ է տեղափոխել, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը։
Ադրբեջանը որոշել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր իսկ կողմից ներկայացված թիվ A/64/L.57 բանաձևի նախագիծը հանել քննարկումից և քվեարկությունից և տեղափոխել համապատասխան օրակարգի կետը ԳԱ 65-րդ նստաշրջանի օրակարգ:
«Ադրբեջանական բանաձևի հիմնական նպատակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի առաքելությունը դեպի տարածաշրջան ուղղելն է, ինչին հաջողվել է հասնել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»,- ասաց Արզումանյանը։
Ըստ նրա, այդ կերպ Ադրբեջանը հասել է իրեն ցանկալի արդյունքներին և աննպատակահարմար է համարել տվյալ պահին հարցը քվեարկության դնելը։
Ինչպես նշեց նախկին նախարարը, այդուհանդերձ, Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում ամրապնդել է իր դիրքերը, ինչպես նաև քայլեր է ձեռնարկել ղարաբաղյան կարգավորման հարցում միջազգային կազմակերպությունների առավել լայն շրջանակներ ներգրավելու ուղղությամբ։
«Ադրբեջանը նման նախաձեռնություններով է հանդես գալիս 2005թ.-ից և չնայած ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի որոշումները խորհրդատվական բնույթ են կրում և կատարման համար պարտադիր չեն, այունամենայնիվ լավ առիթ են հակամարտության տրամաբանությունը փոխելու նպատակով միջազգային կառույցների կողմից ընդունված ձևակերպումներն օգտագործելու համար»,- ասաց Արզումանյանը։
Ըստ նրա, Հայաստանը պետք է ժամանակին արձագանքեր տվյալ բանաձևին, որը 2006թ.-ից սկսած՝ ՄԱԿ-ի շրջանառության մեջ է գտնվում, իսկ 2010թ.-ի հունիսին պաշտոնապես ներառվել է քննարկումների օրակարգում, և պետք է նման նախաձեռնությամբ հանդես գար՝ կապված Հին Ջուղայում մշակույթի հայկական հուշարձանների ավերման հետ, և միջազգային հանրության աջակցությունը կստանար։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-