Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կիրակի օրը մասնակցել է հայ մեծ բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի հայրենի Դսեղ գյուղում անցկացվող «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին:
Փառատոնը Դսեղում անցկացվում է սեպտեմբերի 5-ից 11-ը։
«Կառավարության անունից սրտանց ողջունում եմ բոլորին այս հրաշալի միջոցառման անցկացման կապակցությամբ, որն արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել։ Եվ մենք, բնականաբար, օժանդակություն կցուցաբերենք, որպեսզի այդ ավանդույթը շարունակվի»,- ասաց Սարգսյանը փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը։
«Բնականաբար, այս փառատոնը հնարավորություն է ընձեռում քարոզելու Թումանյանի ստեղծագործությունները և ներկայացնելու աշխարհին այդ հանճարեղ գրողին։ Նմանատիպ միջոցառումներն ուղղված են նաև նրան, որպեսզի մեր ժողովուրդն ավելի լավ ճանաչի Թումանյանին»,- ասաց Սարգսյանը լրագրողներին։
Իր հերթին փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սաֆարյանը նշեց, որ հինգերորդ տարին անընդմեջ հայ մեծ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրենիքում անցկացվում է իր տեսակի մեջ տիկնիկային թատրոնների բացառիկ փառատոն։ Սաֆարյանի խոսքերով, ներկայումս փառատոնին արդեն մասնակցում են թատերախմբերի ներկայացուցիչներ աշխարհի ինը երկրներից։
Փառատոնի գեղարվեստական ղեկավարը բավարարվածությամբ նշել է, որ միջոցառումն ամեն տարի միջազգային լայն բնույթ և մեծ ճանաչում է ձեռք բերում։
Փառատոնը բացվել է «Ռենեսանս» մանկական պարային համույթի ելույթով։ Կառավարության ղեկավարը Դսեղում այցելել է Թումանյանի տուն-թանգարան, տիկնոջ և որդիների հետ դիտել Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի մոտիվներով բեմադրված տիկնիկային ներկայացումը և լուսանկարվել է Դսեղի պատանի բնակիչների հետ։ -0-