ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայ լրագրողներին պատմել է Հայաստանի, հայերի և ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանելու իր մտադրության մասին:
«Հենց դա է պատճառը, որ ես Հայաստանում եմ, քանի որ գիտեմ, որ երկիրը նպատակաուղղված է ապագային, և իմ նպատակն է ներկայացնել այնպիսի Հայաստան, որը շատ արագ տեմպերով ընթանում է առաջ՝ չմոռանալով բոլոր հին վերքերը», - Երևանում շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դերասանը:
Դեպարդյեն ժամանել էր Հայաստան ուրբաթ երեկոյան՝ «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով, որը սեպտեմբերի 2-ին մեկնարկել էր Ստեփանակերտում և շարունակվել է Երևանում: Դեպարդյեի այցը տևել է երկու օր:
Ինչպես նշել է դերասանը, առաջին հերթին Հայաստանը բացառիկ և շատ հետաքրքիր աշխարհագրական դիրք ունի, ինչպես նաև՝ հարուստ պատմություն:
Դեպարդյեն հիշեցրել է, որ իր վերջին ֆիլմը, որի շնորհանդեսը կկայանա առաջիկայում, ինքը նկարահանել է Ղազախստանում:
Նրա խոսքերով՝ ֆիլմը պատմում է քոչվորների մասին և ներկայացնում է գերմանական արմատներ ունեցող մարդկանց պատմությունը, որոնց արտաքսել են Ղազախստան, և նրանք մնացել են այդ երկրում, քանի որ այդ կյանքը և երկիրը, այդ թվում նաև քոչվորությունը նրանց դուր է եկել: Ինչպես կարծում է դերասանը, նման պատմություններ կարելի է գտնել ամենուր:
«Ես չեմ հասկանում, թե որտեղ են հայերի դժվարություններն ու պահանջները, և ինձ համար ցանկացած պատմություն լավն է: Շատ ուրախ կլինեմ ֆիլմ նկարահանել, որը կպատմի Հայաստանի մի ինչ-որ ժամանակաշրջանի մասին, և հայկական արմատներով ֆրանսահայ դերասանների հետ կաշխատեմ», - ասել է Դեպարդյեն:
Ներկայացնելով նախնական սցենարը՝ դերասանը նշել է, որ պատմությունը կսկսվի մի երիտասարդից, ով ապրում է Ֆրանսիայում ու երբևէ չի տեսել Հայաստանը: Այն պատկերացնում է այնպես, ինչպես պատմել են տատն ու պապը, նախնիները: Ի՞նչ են պատմել. ցեղասպանություն, այդ սարսափները:
«Պատկերացրեք, որ այդ երիտասարդ հայը ինձ բերում է Հայաստան, սկսում ներկայացնել` ինչպես ինքն է պատկերացնում: Սա արդեն բավարար է մի ֆիլմ նկարահանելու համար, որ ցույց տաս, թե Հայաստանն այսօր ինչպիսին է», - ասել է Դեպարդյեն:
Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության թեման բազմիցս արծարծվել է բազմաթիվ ֆիլմերում, գոյություն ունեն ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա ռեժիսորների բազմաթիվ ժապավեններ: Այս թեմայով նկարահանված վերջին ֆիլմերից է ֆրանսիացի ռեժիսոր Լորան Տուելի «Փակ շրջան» ֆիլմը, որում գլխավոր դերերից մեկը խաղացել է հայտնի ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն:-0-