Առաջին դասարանցուն դպրոցին նախապատրաստելն այս տարի 1,5 անգամ ավելի թանկ արժե
Չորեքշաբթի 37 հազար հայ առաջին դասարանցիների համար կհնչի առաջին զանգը: Օգոստոսի վերջին օրերին հանրապետության խանութներում և շուկաներում սովորական աշխուժություն է նկատվում. ծնողները պատրաստվում են դպրոց ճանապարհել իրենց երեխաներին:
Ի տարբերություն փոքրիկների, ովքեր հիացմունքով գունագեղ շապիկներով տետրակներ, գունավոր գրիչներ և պայուսակներ են ընտրում, ծնողների դեմքերը որոշակի մտահոգություն են արտահայտում: Դա զարմանալի չէ, քանի որ երկրում թանկացել են ոչ միայն առաջին անհրաժեշտության մթերքները, այլև հագուստն ու գրենական պիտույքները:
Առաջին դասարանցի Ալիսայի մայրիկը՝ Մերի Պ.-ն, «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին պատմել է, որ դստերը դպրոցին նախապատրաստելու համար ընտանեկան բյուջեից 60 հազար դրամ է հատկացրել (165 ԱՄՆ դոլար): Եվ դա այն դեպքում, երբ ծնողներն աղջնակի համար չեն ընտրել ամենաթանկարժեք իրերը, թեպետ առանձնապես չեն էլ տնտեսել:
«Հագուստը ընտրել ենք ոչ թանկ խանութից միջին գներով: Մենք գնել ենք սպիտակ վերնաշապիկ 12 հազար դրամով (33 դոլար), նույն գնով՝ կիսաշրջազգեստ, պայուսակն արժեր 9000 դրամ (24 դոլար): Բացի այդ գնել ենք կոշկեղեն և գրենական պիտույքներ», - ասաց Մերին:
Նա նշեց, որ նախորդ տարի, երբ դպրոց գնաց Ալիսայի ավագ եղբայրը, նույն ապրանքների գները շատ ավելի էժան էին:
«Օրինակ, եթե նախորդ տարի գրենական պիտույքների վրա մենք ծախսել ենք շուրջ 7-8 հազար դրամ, ապա այս տարի ծախսվել է 12 հազար դրամ: Գրեթե նույն տարբերությունն է նկատվում հագուստի և այլ իրերի արժեքում: Իհարկե, մենք չենք տնտեսում երեխային դպրոցին պատրաստելու հարցում, սակայն նման թանկացումը էականորեն ազդում է ընտանեկան բյուջեի վրա՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ընտանիքի եկամուտը վերջին տարվա ընթացքում չի փոխվել», - պարզաբանեց կինը:
Մայրաքաղաքի խանութներով կատարած շրջայցը հաստատեց ծնողի խոսքերը: Անհրաժեշտ ապրանքների գների նվազագույն շեմը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է մինչև 50 տոկոսով, և եթե նախորդ տարի ընտանիքը կարող էր շուրջ 40 հազար դրամ (110 դոլար) հատկացնել և երեխայի համար ձեռք բերել դպրոցի համար անհրաժեշտ բոլոր իրերը, ապա այժմ արդեն կպահանջվի 60 հազար դրամ (165 դոլար), իսկ դա բյուջետային աշխատողի միջին աշխատավարձի առնվազն կեսից ավելինն է:-0-