Հայաստանը տասներկու աշխատանք կներկայացնի ReAnimania անիմացիոն միջազգային կինոփառատոնին, որը կանցկացվի սեպտեմբերի 9-13-ը Երևանում, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին։
Այդ աշխատանքների թվում Քասունին նշել է Նաիրա Մուրադյանի «John Silver» անիմացիոն ֆիլմը, Նաիրա և Արամ Մուրադյանների «Angel in the city» համատեղ աշխատանքը, ինչպես նաև Բամբիռ և System of a down խմբերի տեսահոլովակների երկու անիմացիաները։
«Մեր փառատոնի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Ես վստահ եմ, որ մյուս տարի մենք մասնակցության ավելի շատ հայտեր կստանանք»,- նշեց Քասունին։
Մասնավորապես նա նշել է, որ փառատոնին կմասնակցի 35 երկիր, այդ թվում Չեխիան, Ճապոնիան, Չինաստանը, Թուրքիան, Սինգապուրը, Սիրիան, Հունաստանը, Բուլղարիան, Նիդեռլանդները։
Ըստ Քասունու, այս տարի փառատոնին մասնակցելու համար 400 հայտ է ներկայացվել, ներառյալ 263 մրցութային ֆիլմերը։
«Այս տարի նաև հատուկ մրցանակ է սահմանվել լավագույն երաժշտության համար։ Բացի այդ, ժյուրին հաղթողների կընտրի «Լավագույն դեբյուտ», «Լավ քաղաքացի», «Սոցիալական թեմայով լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգերում։
Ինչպես նշեց Քասունին, փառատոնի շրջանակներում կլինեն երևանյան պրեմիերաներ, մրցութային ցուցադրումներ, ցուցադրումներ երեխաների համար, հատուկ ցուցադրումներ, ինչպես նաև վարպետության դասեր, և բաց ցուցադրումներ, որոնք կանցկացվեն «Կասկադ» համալիրում։
«Մեր փառատոնը կարելի է հաջողված համարել այն առումով, որ կմասնակցեն անիմացիոն ժանրի 23 ակնառու ներկայացուցիչներ, նրանց թվում է Մաքս Հաուարդին, Ֆրենկ Գլեդսթոունն ԱՄՆ-ից, Ժան Փոլ Կոմենը Ֆրանսիայից, Մարթա Մաչադոնը Բրազիլիայից»,- ասաց փառատոնի հիմնադիրը։
Աշխատանքները կներկայացվեն չորս մրցանակային ծրագրերում՝ լիամետրաժ, կարճամետրաժ, հեռուստատեսային ֆիլմ, ինչպես նաև շրջանավարտների դիպլոմային աշխատանքները։
ReAnimania անիմացիոն միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2009թ.-ի սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 6-ը Երևանում։ ReAnimania նախագծի նպատակը անիմացիոն արվեստի զարգացմանն օժանդակելն է, համաշխարհային կարգի նկարիչ-անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքների ցուցադրության նպատակով համաժողովի կազմակերպումը, ինչպես նաև հայ հանդիսատեսին իրենց երկրից լավագույն անիմացիոն ֆիլմերի նմուշները ներկայացնելը։-0-