ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է ազգային մշակույթի վերածնման քաղաքականություն մշակի, կարծում է «Կարին» ազգային երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
«Հայաստանում պետք է մշակութային քաղաքականություն գործի: Մեր գերխնդիրն է վաղվա սերնդի դաստիարակումը, և դրա համար անհրաժեշտ է օգտագործել ցանկացած ռեսուրս՝ և Մշակույթի նախարարությունը, և հեռուստատեսությունը, և մշակութաբաններին, և արվեստաբաններին, և դպրոցը», - ուրբաթ լրագրողներին ասաց Գինոսյանը:
Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ հեռուստաալիքների էկրանները լի են թուրքական եղանակներով երաժշտությամբ և այսպես կոչված «զվարճալի մշակույթով», որը սեփական արմատները չճանաչող երիտասարդություն է դաստիարակում:
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է կանգնեցնել ազգային մշակույթի ոչնչացումը՝ «Մշակութային ցեղասպանությունը», որը սկսվել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետ, երբ հայ ժողովուրդը մեծամասնությունը սփռվեց աշխարհի տարբեր ծայրերը:
Այս կապակցությամբ Գինոսյանը նշեց, որ արդեն մեր ժամանակներում հեռոստատեսության միջոցով բնակչության վզին օտար մեղեդիներ են փաթաթվում:
«Սասուն» համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանն իր հերթին ընդգծեց ազգային մշակույթի վերածնման գործում Մշակույթի նախարարության, բարձրակարգ ազգագրագետների, մշակութաբանների և արվեստագետների ներգրավվածության անհրաժեշտությունը:-0-