Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն բացառել է թուրք-հայկական սահմանի բացման հնարավորությունն անգամ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակահատվածում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով DHA գործակալությանը։
Թուրքիայի արտգործնախարարության Եվրասիայի երկրների դեպարտամենտի ղեկավար Մեհմեթ Ֆաթիհ Ջեյլանը «Թրենդ» ադրբեջանական գործակալությանը հայտնել է, թե հավանական է, որ սեպտեմբերի 11-17-ը «Հայաստան 2010» տարերային աղետներին հակազդելու ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում Թուրքիան ժամանակավորապես բացի Հայաստանի հետ սահմանը:
«Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը չի բացվի անգամ կարճ ժամանակահատվածով։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան կաջակցի այլ ճանապարհներով զորավարժությունների անցկացմանը»,- թուրք արտգործնախարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Կովկասի Ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման հավանականությունը բավականին մեծ է։
«Եթե դա տեղի ունենա, ապա բավական էական գործոն կլինի հայ-թուրքական հարաբերությունների ընդհանուր ձևաչափում»,- ասել էր Մինասյանը՝ ավելացնելով, որ թուրքական ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, վերջնական որոշում դեռ չի ընդունել, կամ, եթե ընդունել է, դեռ չի հնչեցրել։
Վերջին երկու տարում առաջընթաց է նկատվել հայ-թուրքական հարաբերություններում, որը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, որի շրջանակներում 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունը»: Սակայն Թուրքիան պարբերաբար տարբեր առիթներով ձգձգում էր արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչի հետևանքով Հայաստանը ապրիլին կասեցրեց փաստաթղթերի վավերացման գործընթացը:-0-