Պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված նոր համաձայնագիրը որոշակի անվստահություն է առաջացրել ադրբեջանական հասարակությունում սեփական երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Oգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի (մինչև 2046 թվականը՝ 1997 թ.-ին համաձայնագրի վավերացման պահից սկսած): Արձանագրությունը նախատեսում է նաև կայանի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտի ընդլայնում:
«Ադրբեջանական վերնախավում որոշակի խումբ է ձևավորվել, որն ազդում է հասարակական կարծիքի վրա և որը սկսում է կասկածել սեփական պետության արտաքին-քաղաքական ուղղվածության ճիշտ լինելու մեջ: Նրանք նշում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության ձախողումն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ հարաբերություններում», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը:
Միաժամանակ նա նշեց, որ ԶԼՄ-ներն ավելի զուսպ են իրենց գնահատականներում, քանի որ նրանք վերահսկվում են պետության կողմից:
Խոսելով հայկակական հասարակության ներսում տեղ գտած արձագանքի մասին՝ Հարությունյանը նշեց, որ ընդհանուր առմամբ գնահատականները դրական են:
«Սակայն հարկ է նշել, որ Ռուսաստանի իմիջը դեռ ամբողջովին բացահայտված չէ հայկական հասարակության համար: Այն դեռ հիմնվում է խորհրդային անցյալի առասպելների և այլ բացասական կարծրատիպերի վրա», - ասաց «Նորավանքի» ղեկավարը:
Նրա կարծիքով՝ հայկական հասարակության աչքերում Ռուսաստանի կերպարը վերագնահատման կարիք ունի:
«Չի կարելի մոռանալ, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որը 12 անգամ պատերազմել է Թուրքիայի դեմ, և այդ պատերազմներում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև հայերը», - ավելացրեց Հարությունյանը:-0-