Քուվեյթի խորհրդարանում սկսվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման աշխատանքները
Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆին Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ խորհրդարանում սկսվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման աշխատանքները, հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները:
Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, բարեկամության խմբերի միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Քուվեյթի օրենսդիր մարմինների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կողմերի պատրաստակամությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին:
Հանդիպման ավարտին դեսպան Չարչօղլյանը Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիին է հանձնել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Հայաստան այցելության հրավերը: -0-