Հայաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել օգոստոսի 19-ին Երևանի «Գեղամա» ռեստորանում գրանցված մարդկանց զանգվածային թունավորման փաստի առթիվ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Օգոստոսի 19-ին «Գեղամա» ռեստորանից աղիքային երևույթներով ավելի քան 40 մարդ էր հոսպիտալացվել Երևան քաղաքի տարբեր բուժկանխարգելիչ կազմակերպություններ: Բոլոր տուժածները հարսանյաց հանդեսի մասնակիցներ էին:
Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել և իրականացվել էր օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել էր, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ հիվանդներն օգտվել են հանրային սննդի կազմակերպությունում պատրաստված կերակրատեսակներից:
««Գեղամա» ռեստորանում մարդկանց զանգվածային թունավորման փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 277-րդ հոդվածի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնների խախտում)», - նշել է գործակալության զրուցակիցը:
Միաժամանակ ոստիկանությունում ձեռնպահ են մնացել մեկնաբանել ասեկոսեներն այն մասին, որ ռեստորանը շարունակում է գործել՝ չնայած ՀՀ առողջապահության նախարարության արգելքին:-0-