ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 19-ին «Գեղամա» ռեստորանում գրանցված զանգվածային թունավորման պատճառը ոսկեգույն ստաֆիլոկոկն ու էնտերոպաթոգեն աղիքային ցուպիկն են եղել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն, հարուցիչներն անջատվել են մի շարք նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում:
Օգոստոսի 19-ին «Գեղամա» ռեստորանից աղիքային երևույթներով ավելի քան 40 մարդ էր հոսպիտալացվել Երևան քաղաքի տարբեր բուժկանխարգելիչ կազմակերպություններ: Բոլոր տուժածները հարսանյաց հանդեսի մասնակիցներ էին:
Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել և իրականացվել է օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ հիվանդներն օգտվել են հանրային սննդի կազմակերպությունում պատրաստված կերակրատեսակներից:
Վարակի գաղտնի շրջանի տևողության ժամանակաշրջանն ու կլինիկական ախտանիշները, ինչպես նաև դրանց միաժամանակյա ի հայտ գալը բնորոշ են սննդային թունավորումներին:
Բոլոր հիվանդների մոտ արձանագրվել է փսխում, սրտխառնոց, թուլություն, որովայնի շրջանում ցավեր, լուծ: Որոշ հիվանդների մոտ` նաև դող, սարսուռ և ջերմություն (38 աստիճան):
Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել են մի շարք կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Մասնավորապես, իրականացվել է հիվանդների հոսպիտալացում, վերջիններիս նկատմամբ կազմակերպվել են մանրէաբանական հետազոտություններ, սահմանվում է բժշկական հսկողություն խնջույքի մյուս մասնակիցների նկատմամբ: «Գեղամա» ռեստորանում կազմակերպվել և իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Ժամանակավորապես դադարեցվել է վերջինիս գործունեությունը
ՀՀ առողջապահության նախարարությունից նշեցին, որ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է:-0-