Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացվել է ոչ թե մինչև 2044 թվականը, ինչպես ընդունված է կարծել, այլ մինչև 2046 թվականը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նախորդ ուրբաթ Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի: Արձանագրությունների տակ ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Անատոլի Սերդյուկովը: Փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո:
«Ժամկետը հաշվարկվում է ոչ թե 1995 թ.-ին պայմանագրի ստորագրման պահից, այլ պայմանագրի վավերացման պահից, այսինքն՝ 1997 թ.-ից: Դա նշանակում է, որ եթե ավելի վաղ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը լրանում էր 2022 թ.-ին, ապա մտցված փոփոխություններից հետո այն լրանում է 2046 թ.-ին», - ասել է Քոչարյանը:
ՀՀ փոխարտգործնախարարը նշել է, որ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը պարզապես խորհրդանշական քայլ չէ, այլ որոշակի մտադրության, ուղղվածության ցուցադրում, ինչը վկայում է, որ այդ հարաբերություններում կողմերը լուրջ հեռանկար են տեսնում:
Քոչարյանը չի համաձայնել այն կարծիքի հետ, որ ռուս-հայկական արձանագրությունը ամրապնդվող թուրք-ադրբեջանական դաշինքի պատասխանն է: «Այս ամենը պատասխան չէ, այլ բնական հարաբերությունների զարգացման հերթական կարևորագույն փուլ», - նշել է հայ դիվանագետը:
Նա հիշեցրել է նաև, որ ստորագրված արձանագրության համաձայն, հանվել է այն դրույթը, ըստ որի՝ ռուսական ռազմակայանը, Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ, ապահովում է Հայաստանի անվտանգությունը նախկին ԽՍՀՄ-ի միայն արտաքին սահմաններում: Քոչարյանի խոսքերով՝ դա նշանակում է, որ ապահովվելու է Հայաստանի անվտանգությունն արտաքին միջամտությունից ընդհանուր առմամբ:
Այն մասին, որ ստորագրված փաստաթղթով ոչ միայն երկարացվել է ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը, այլև ընդլայնվել է կայանի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը, նախորդ ուրբաթ ՌԴ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի խոսքերով՝ ավելի վաղ ռազմակայանի գործողությունը սահմանափակվում էր նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, իսկ այժմ այդ սահմանափակումը հանվել է համաձայնագրի տեքստից, և ռուսական կողմը պարտավորություն է վերցրել համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունը և աջակցել ՀՀ Զինված ուժերը սպառազինությունների ժամանակակից տեսակներով զինելուն:
Քոչարյանը բացատրել է Երևանից և Մոսկվայից հնչող տարբեր ձևակերպումների պատճառը, որոնք վերաբերում են ռուսական ռազմակայանի գործառույթներին:
Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ արձանագրության հիմնական նպատակն ավելի երկարաժամկետ ծրագրավորումն է, իսկ մնացած դեպքերում ռուսական ռազմակայանի բոլոր գործառույթները մնում են անփոփոխ:
Քոչարյանի խոսքերով՝ անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ ՌԴ ԱԳ նախարարը տվյալ հանգամանքներում հանդես է գալիս ոչ միայն որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ջատագով և մարդ, ով մեծ ներդրում է կատարել այս գործում, ինչի համար էլ ՀՀ նախագահի կողմից արժանացել է շքանշանի (Սուրբ Մեսրոպ Մաշտոց), այլ նաև որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ-երկրի ներկայացուցիչ: «Նրա ցանկացած հայտարարություն և հարցազրույց հասցեագրված է տարբեր լսարանների», - ասել է Քոչարյանը:
Նա նաև նշել է, որ թարմացված պայմանագրի համաձայն, ՌԴ-ն պարտավորվում է աջակցել Հայաստանի Զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկայով զինելուն, ինչը ևս չափազանց կարևոր է: «Մեր խնդիրն է ունենալ ոչ թե քանակական, այլ որակյալ բանակ», - ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:
Նշելով, որ ցանկացած երկիր պետք է ապահովի իր անվտանգությունն, առաջին հերթին, սեփական ուժերով՝ Քոչարյանն, այնուամենայնիվ, ընդգծել է, որ հայ-ռուսական արձանագրությունը լրացուցիչ երաշխիք է, ևս մեկ աղյուս՝ ուղղված տարածաշրջանում կայունության ապահովմանը: «Մեզ համար կայունությունն առաջնային նշանակություն ունի», - ասել է նա:-0-