ՌԴ-ը կարող է ֆինանսավորել Հայաստանի ԱԷԿ-ի շինարարության ավելի քան 20%-ը. Ռոսատոմ
Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շինարարության ավելի քան 20 տոկոսը, էլեկտրակայանի արժեքը գնահատվում է մոտ 5 մլրդ դոլար, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների բանակցություններից հետո ԱԷԿ-ի զինման շուրջ համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր ստորագրելու նախաշեմին հայտնել է Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Համաձայնագիրը ենթադրում է, որ մենք համագործակցում ենք նաև տեխնիկական տեսանկյունից... Բացի այդ, համաձայնագիրը ենթադրում է, որ մենք կմասնակցենք համատեղ ֆինանսավորմանը»,- ասաց Կիրիենկոն։
Ըստ նրա, ԱԷԿ-ի շինարարության համար արդեն ռուս-հայկական համատեղ ընկերություն է ստեղծվել։
«Այն պետք է ապահովի ատոմակայանի արժեքի առնվազն 40 տոկոսը, իսկ 60 տոկոսը ծրագրվում է ներգրավել ներդրողների հաշվին»,- պարզաբանել է Կիրիենկոն։ Միաժամանակ նա ավելացրել է, որ դեռ ԱԷԿ շինարարության հստակ արժեքը հայտնի չէ, ամեն ինչ կախված կիլնի «լցոնից», որը կընտրվի ԱԷԿ-ի համար։ Խոսքը մոտավորապես 5 մլրդ դոլարի մասին է։
Ինչ վերաբերում է ներդրողներին, ապա նրանց ներգրավման վերաբերյալ բանակցությունները Հայաստանի կառավարությունն է վարում։ Պատասխանելով այն հարցին, թե որ մասը կարող է ֆինանսավորել ռուսական կողմը, Ռոսատոմի ղեկավարն ասել է, որ «հնարավոր է 20 տոկոսից ավելին»։
Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։
ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը: -0-