Հայ-ռուսական համագործակցությունը կովկասյան տարածաշրջանի անվտանգության ապահովման ամենակարևոր բաղադրիչներից է. Սարգսյան

20.08.2010, 13:09
Հայ-ռուսական համագործակցությունը կովկասյան տարածաշրջանի անվտանգության ապահովման ամենակարևոր բաղադրիչներից  է. Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ռուսական համագործակցությունը համարում է կովկասյան տարածաշրջանի անվտանգության ապահովման ամենակարևոր բաղադրիչներից մեկը:

«Հայ-ռուսական համագործակցությունը կովկասյան տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման ամենակարևոր բաղադրիչներից է: Դրա ապացույցն են այն կարևոր հարցերը, որոնք մենք առաջիկայում կքննարկենք», - նախօրեին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի պատվին տրված ընթրիքի ժամանակ ասել է ՀՀ նախագահը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Մեդվեդևը նախօրեին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

ՀՀ նախագահը Մեդվեդևի այցը համարել է նշանակալից: Նրա խոսքերով՝ պետական այց հասկացության էությունը խորհրդանշում է հարաբերությունների այն բարձրագույն մակարդակը, որ կարող է գոյություն ունենալ երկու պետությունների միջև:

«Տվյալ այցը լավագույն հնարավորությունն է մեր հարաբերությունների դինամիկայի դիտարկման, որոշ արդյունքների ամփոփման և մեր դաշնակցային փոխգործակցության նոր նպատակների նախանշման համար», - ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքերով՝ հայկական կողմը հպարտանում է երկու ժողովուրդների միջև բարեկամական վաղեմի և ամուր կապերով, երկու պետությունների բազմակողմ և հաջող համագործակցությամբ:

Սարգյանն խոսել է նաև հայ-ռուսական համագործակցությանը բնորոշ պատմական բարեկամության, վստահության, արժեքներին նվիրվածության հսկայական ժառանգության կարևորության մասին:

«Ռուսաստանի նախագահի այսօր մեկնարկած պետական այցի առաջին իսկ րոպեից` ես ևս մեկ անգամ զգացի երկուստեք վստահություն, որ մենք կարող ենք առաջ շարժվել: Մենք կարող ենք և եռանդուն կյանքի կկոչենք համատեղ նախանշված ծրագրերը», - ասել է ՀՀ նախագահը:-0-