ՀՀ մարզական իշխանություններն աջակցություն կցուցաբերեն Երևանում Գերմանիայից ժամանած WBA, WIBF և WBO վարկածներով կին-պրոֆեսիոնալների շարքում գերթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն հայազգի Սյուզի Կենտիկյանի առաջիկա մրցապայքարներից մեկի կազմակերպման և անցկացման հարցում։
Ինչպես ասվում է հանրապետության Սպորտի նախարարության կայքում, նախօրեին Կենտիկյանի հետ հանդիպման ժամանակ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Պետրոսյանը ողջունել է մարզուհու այդ գաղափարը և հայտնել, որ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ կդիտարկվի Երևանում նրա չեմպիոնական տիտղոսի հերթական պաշտպանման կազմակերպման հնարավորությունը։
Նախարարն ընդգծեց, որ հայ ժողովուրդը սրտատրոփ հետևում է Սյուզիի մրցապայքարին և հպարտանում է նրա հաղթանակներով։
Ինքը մարզուհին հայտնեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար։ Նրա մենեջեր Քրիստոֆ Վեշեն իր հերթին նշեց, որ ինքը` որպես Սյուզիի մենեջեր, շահագրգռված է, որ վերջինս հնարավորությունների սահմաններում մասնակցի նաև Հայաստանում կազմակերպված ծրագրերին` այդպիսով ամրապնդելով Հայաստան-Գերմանիա կապերը:
Սյուզի (Սյուզաննա) Կենտիկյանը ծնվել է 1987թ.-ին Հայաստանում։ 1992թ.-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Համբուրգ։ 2007թ.-ին Կենտիկյանը՝ հանդես գալով Գերմանիայի դրոշի տակ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայտնի կազմակերպությունների չեմպիոնական տիտղոսներ է նվաճել։ 2008թ.-ին նա Գերմանիայի քաղաքականություն է ստացել։
Ընթացիկ տարվա հուլիսի 17-ին Շերինում (Գերմանիա) մեքսիկուհի Արելի Մուչինոյի դեմ Կենտիկյանի պայքարը ժամանակից շուտ է ավարտվել։ Երրորդ ռաունդում անսպասելի բախման արդյունքում Կենտիկյանը գլխի վնասվածք է ստացել, և պայքարը դադարեցվել է։ Դատավորների որոշմամբ տեխնիկական ոչ-ոքի է հայտարարվել, ինչը նշանակում է, որ Կենտիկյանը պահպանում է իր տիտղոսները։ -0-