Մինչև Թուրքիայի ընտրությունների ավարտը կարիք չկա հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացում ակնկալել. փորձագետ

18.08.2010, 15:00
Մինչև Թուրքիայի ընտրությունների ավարտը կարիք չկա հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացում ակնկալել. փորձագետ

Մինչև Թուրքիայի բոլոր ընտրական գործընթացները չավարտվեն, կարիք չկա հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացում ակնկալել, կարծում է հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

«Քանի դեռ Թուրքիայում չեն անցկացվել 2011թ.-ի խորհրդարանական ընտրությունները, հայ-թուրքական հարաբերություններում որևէ պաշտոնական առաջընթաց ես չեմ ակնկալում: Հնարավոր է ՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում սեպտեմբերի 20-ին տեղի ունենա նախագահների կամ վարչապետների ոչ պաշտոնական հանդիպումը, սակայն հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացումը հնարավոր չէ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շաքարյանը:

Միաժամանակ նա հիշեցրեց, որ հայ-թուրքական արձանագրությունները խոչընդոտներ են առաջացրել նաև Հայաստանի համար՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջխաղացման հասնելու համար ։

«Չէ որ, եթե կարգավորման գործընթացում ինչ-որ համաձայնություն ձեռք բերվեր, ապա անմիջապես կհայտարարվեր, որ Հայաստանը ենթարկվել է թուրքական ճնշմանը, և հակառակը»,- նշեց Շաքարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-