Հայաստանը պատրաստ է շարունակել Ղարաբաղի շուրջ բանակցությունները Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա. ԱԳՆ

18.08.2010, 13:32
Հայաստանը պատրաստ է շարունակել Ղարաբաղի շուրջ բանակցությունները Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան խնդրի կարգավորման թարմացված առաջարկները, որոնք ստացել են «պետերբուրգյան առաջարկներ» անվանումը:

«Ընթացիկ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ընթացքում կողմերին ներկայացվել է Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը», - ասել է նախարարը «Ռոսիա 24» ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում:

«ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեծ ջանքեր է գործադրում՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով կողմերի դիրքորոշումների մերձեցման համար: Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մի շարք հանդիպումներ, որոնք բավականին օգտակար էին», - ընդգծել է նա:

Այս կապակցությամբ նախարարն ավելացրել է, որ «նախագահի հանձնարարությամբ տեղի են ունեցել բանակցություններ արտգործնախարարների մակարդակով՝ նախարար Լավրովի միջնորդությամբ»:

«Բոլոր այս ռուսական միջնորդական ջանքերին լիովին աջակցել են մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան», - ասել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-