Ռուսաստանը կաջակցի Հայաստանին սպառազինությունների ապահովման գործում. ՀՀ ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական կողմը կաջակցի Հայաստանին սպառազինությունների և ժամանակակից ռազմական տեխնիկայի ապահովման գործում, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան այցի շրջանակներում ծրագրվում է համաձայնագիր ստորագրել, ըստ որի՝ կերկարացվի Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը՝ 25-ից մինչև 49 տարի, ինչպես նաև կփոխվեն ռազմաբազայի գործառույթները:
«Եթե պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամկետով, ապա հիմա այն ուժի մեջ կլինի 49 տարի՝ սկսած 1995թ.-ից», - ասել է նախարարը «Ռոսիա 24» ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախարարի խոսքերով՝ պայմանագրում ներկայացված կլինի ավելի հստակ ձևակերպում այն մասին, որ «ռուսական ռազմաբազան Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության շահերի հետ մեկտեղ ապահովելու է նաև Հայաստանի անվտանգությունը»:
Ռուսական ռազմաբազան տեղակայվել է 1995թ.-ից Գյումրի քաղաքի մոտակայքում՝ Կարմիր դրոշի շքանշանակիր Անդրկովկասյան ռազմական օկրուգի միավորումների հիման վրա միջպետական պայմանագրերի համաձայն։ 2005 թ.-ի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք երկկողմանի փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին: Ըստ փաստաթղթերի՝ Հայաստանը 102-րդ բազային է փոխանցել մի շարք հողատարածքներ և անշարժ գույքի օբյեկտներ: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում։-0-