Հայաստանում ռուսական ներդրումները 2,750 միլիարդ դոլար են կազմում. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսական ներդրումներն այսօրվա դրությամբ կազմում են 2,750 միլիարդ դոլար, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ռուսաստանը Հայաստանի համար շատ կարևոր առևտրատնտեսական գործընկեր է: Այն Հայաստանի հիմնական ներդրողն է: Ռուսաստանը ևս հայկական արտադրանքի իրացման գլխավոր շուկան է», - ասել է նախարարը «Ռոսիա 24» ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նալբանդյանի խոսքերով՝ երկու երկրների միջև բավականին հաջող համագործակցություն է զարգանում էներգետիկայի ոլորտում, այդ թվում նաև՝ ատոմային էներգետիայի, տրանսպորտի, լեռնահանքային արդյունաբերության, նորարար տեխնոլոգիաների և շատ այլ ոլորտներում:
«Հայաստանում այսօր ռուսական կապիտալով 1400 ձեռնարկություն է գործում», - ավելացրել է նա:
ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ գոյություն ունի բավականին ծանրակշիռ իրավապայմանագրային բազա, ստորագրվել է շուրջ 200 համաձայնագիր և պայմանագիր:
«Մենք պատրաստում ենք նոր համաձայնագրեր, թարմացնում ենք հները, այնպես որ կանենք հնարավոր ամեն ինչ՝ մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները ընդլայնելու, ամրապնդելու և զարգացնելու համար», - ասել է Նալբանդյանը:-0-