Շվեդիայի ձախակողմյան կուսակցությունները խոստանում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներառել ՄԱԿ-ի օրակարգում. հեռուստատեսություն

18.08.2010, 13:15
Շվեդիայի ձախակողմյան կուսակցությունները խոստանում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներառել ՄԱԿ-ի օրակարգում. հեռուստատեսություն

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Ձախերի կուսակցությունն ու Շրջակա միջավայրի պաշտպանության կուսակցությունը՝ «կանաչները», խոստանում են սեպտեմբերին խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության գալու դեպքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներառել ՄԱԿ-ի օրակարգում, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Բացի այդ, այս քաղաքական ուժերը մտադիր են Հայոց ցեղասպանության թեման ներառել Շվեդիայի պատմության դասագրքերում:

Տեղեկատվության համաձայն, Շվեդիայում բնակվող թուրքերին լրջորեն մտահոգում է խորհրդարանական ընտրություններում ձախակողմյան կուսակցությունների հաղթանակի հնարավորությունը:

Սոցիալ-դեմոկրատների, «ձախերի» և «կանաչների» ջանքերի շնորհիվ Շվեդիայի խորհրդարանը 2010 թ.-ի մարտի 11-ին հայերի, պոնտացի հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես՝ Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը:-0-