ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է Իսպանիայում դեսպանատուն բացելու մասին երկրի նախագահի նախագծի հրամանը:
Նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանն ընդգծեց, որ Իսպանիան կարևորագույն եվրոպական երկրներից մեկն է:
Ըստ Ղազինյանի, Իսպանիայում դիվանագիտական ներկայացուցչության բացման ծախսերն արդեն համաձայնեցվել են ՀՀ ֆինանսների նախարարության հետ և նախահաշիվը կներառվի 2011թ.-ի պետբյուջե: Դեսպանատան բացման գործընթացը կսկսվի արդեն 2010թ.-ի չորորդ եռամսյակում:
Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.-ից, սակայն հայ- իսպանական առնչությունները շատ ավելի հին են և հասնում են մինչև միջնադարյան ժամանակաշրջան: Ավանդաբար Իսպանիայում հաստատված հայ համայնքին վերջին շրջանում /1992թ.-ից ի վեր/ ավելացել են մեծ քանակությամբ Հայաստանից ներգաղթածներ: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, հայերի թիվն Իսպանիայում այսօր տատանվում է 10.000- 15.000-ի միջև:
Իսպանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը լուրջ խթան կհանդիսանա հայ-իսպանական քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային հարաբերությունների հետագա զարգացման համար: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների կարճատև պատմության ընթացքում Հայաստանը և Իսպանիան փոխադարձաբար դեսպաններ են հավատարմագրել համատեղության կարգով:.
Իսպանիայում ՀՀ դեսպանության ստեղծման կապակցությամբ անհրաժեշտ ֆինանսավորումն արդեն իսկ արտացոլված է ՀՀ պետական բյուջեում` 4 ամսվա կտրվածքով:
2010թ. Իսպանիայում ՀՀ դեսպանության նախահաշիվը հաշվարկվել է 4 ամսով` 113049 եվրո գումարով: ՀՀ դեսպանությունում հաշվարկված է 2 դիվանագետ` 28985 եվրո աշխատավարձի գումար և 5264 եվրո ընտանիքի անդամներին վճարվող փոխհատուցման գումար:
Վարչատնտեսական անձնակազմի համար նախատեսվել է 2 աշխատակից` 8000 եվրո գումարով (ամսեկան 2000 եվրո): Ծառայողական շենքի վարձակալման համար հաշվարկվել է 15000 եվրո (2500 եվրո ամսական գումար և միանվագ վճարվող մեկական ամսվա վարձի չափով դեպոզիտի և միջնորդավճարի գումար): Բնակարանի վարձակալում գումարով նախատեսված է 19800 եվրո (2000 և 1300 եվրո ամսավճարներով, և միանվագ 1 ամսվա դեպոզիտի վճար):
Պահպանման այլ ծախսեր հոդվածով հատկացվել է 36000 եվրո, որում ներառված է նաև կահույքի և ավտոմեքենայի ձեռքբերման գումար:-0-