Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 16-ը, Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր: Ինչպես հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, կիրակի Հայաստանում նշվելու է Աստվածածնի վերափոխման տոնը, որին հաջորդում է մեռելոց հիշատակին նվիրված օրը:
«Հայաստանում երկուշաբթի օրվա փոխարեն աշխատանքային օր է հայտարարվում շաբաթ օրը՝ օգոստոսի 21-ը», - տեղեկացրեց Սարգսյանը:
Մեռելոց հիշատակի օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոներից յուրաքանչյուրին։
Մեռելոց հիշատակի օրը, ՀՀ կառավարության որոշմամբ, առաջին անգամ Հայաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել 2008 թ.-ի հունիսի 26-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով։
Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներին հետևող յուրաքանչյուր օր ոչ աշխատանքային է լինելու։-0-