Ղարաբաղում հնարավոր է պատերազմ սկսվի, եթե Ալիևը «քաղաքական ծուղակն» ընկնի. պատգամավոր
Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմը կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «քաղաքական ծուղակն» ընկնի, կարծում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
«Ալիևի ռազմատենչ հռետորությունը հանգեցրել է նրան, որ ալիևյան վարչակարգին սատարող և հիմնականում 90-ական թվականների պատերազմի արդյունքները վատ հիշող երիտասարներից բաղկացած հասարակության հիմնական մասի միջև դժգոհություն է առաջացել այն պատճառով, որ խոսքերը չեն համընկնում գործողություններին: Եթե Ալիևը նման ծուղակի մեջ ընկնի, ես չեմ կարող բացառել, որ նա, հնարավոր է պատերազմ սկսի»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց պատգամավորը:
Միաժամանակ նա կարծում է, որ տևական պատերազմն անկասկած կքանդի ալիևյան վարչակարգը:
«Հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք պատերազմին և մեզ հնարավոր չէ դժվար կացության մեջ դնել, կայծակնային պատերազմը, ինչի հույսն ունի Ադրբեջանը, անկասկած չի լինի»,- ասաց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-