Ապրիլի վերջին Զինված ուժերում տեղի ունեցած միջադեպերի համար, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, մի քանի տասնյակ հայ սպաներ ենթարկվել են այս կամ այն աստիճանի պատասխանատվության, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հուլիսի 28-ին զինվորական ծառայության կանոնների կոպիտ խախտման պատճառով տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը և պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը և Կարո Այվազյանը։
Հուլիսի 28-ին լեյտենանտ Արտակ Նազարյանը ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում (Հայաստանի հյուսիս-արևելք, Ադրբեջանի սահմանին) մահացու վնասվածք էր ստացել: Նախնական տվյալների համաձայն, հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ 31-ամյա Արտակ Նազարյանն իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում:
Հաղորդագրության համաձայն, պաշտպանության նախարարի հրամաններով 8 սպաներ` զորամասերի հրամանատարներ, տեղակալներ, շտաբերի, ստորաբաժանումների, ծառայությունների պետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Նրանցից յոթն արձակվել են ՀՀ ԶՈւ պահեստազոր: 14 սպայի հայտարարվել է խիստ նկատողություն, 6-ի` նկատողություն: Տասը սպաներ նախազգուշացվել են ծառայողական ոչ լրիվ անհամապատասխանության մասին:
Բացի այդ, ստորաբաժանումների 10 հրամանատարներ և ծառայությունների պետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից և նշանակվել են ավելի ցածր պաշտոնների: Երեք սպա ազատվել է զբաղեցրած պաշտոնից` մնալով ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության տրամադրության տակ: Իջեցվել է մեկ սպայի զինվորական կոչումը: -0-