«Սերունդ» կազմակերպությունն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Արցախի Տիգրանակերտ
«Սերունդ» հասարակական կազմակերպությունն օգոստոսի 11-12-ը ուխտաագնացություն է կազմակերպում դեպի Արցախի Տիգրանակերտ, ուրբաթ լրագրողներին հայտնեց կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ Երևանի պետական համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ Արտակ Մովսիսյանը:
Տիգրանակերտը կառուցվել է Արցախում՝ հայ արքա Տիգրան Մեծի կողմից:
«Տիգրանի անունով կոչված մի շարք քաղաքներից միակը, որի տարածքն այսօր հայկական զորքի հսկողության տակ է, Արցախյան Տիգրանակերտն է»,- ասաց Մովսիսյանը:
Ըստ նրա, Արցախի Տիգրանակերտում՝ ԼՂՀ մշակույթի նախարարության մասնակցությամբ, Տիգրան Մեծի ծննդյան 2150 –ամյակին նվիրված հուշաքար կբացվի:
Մովսիսյանը նշեց, որ օգոստոսի 11-ին Ստեփանակերտում տեղի կունենա մեծ տոնական համերգ: Նույն օրը կցուցադրվի «Տիգրան Մեծ» ֆիլմը:
Ըստ պատմաբանի, բացի այդ, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պատարագ կմատուցվծ: Տիգրան Մեծին նվիրված միջոցառումները տեղի կունենան նաև Բերդաձորում (նախկին Լաչին):
Տիգրան Մեծը, ով թագավորել է մ.թ.ա. առաջին դարում, ամենաականավոր հայ արքաներից մեկն է եղել: Նրա օրոք Հայաստանը վերածվել է այդ ժամանակների ամենահզոր տերություններից մեկը:
Տիգրանի տերությունը գրավել է Առաջավոր Ասիայի զգալի մասը՝ տարածվելով Միջերկրականից մինչև Կասպից ծովերը և Կուռ գետից մինչև Մեսոպոտամիին:
Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005թ. հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և 2006-2008թթ. հնագիտական պեղումներ է կատարել նրա տարածքում: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:
Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի Միջնաբերդի պարիսպների մի հատվածը, Ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը: Հետախուզական պեղումներ են կատարվել նաեւ Ամրացված թաղամասի ու Կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում, Վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել են նաեւ քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը:
Տիգրանակերտի հետազոտությունները նախաձեռնել և ֆինանսավորել է Հայրենադարձության և հիմնավորման ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միությունը:
2007 թ. պեղումները մասամբ, իսկ 2008թ. պեղումներն ամբողջությամբ ֆինանսավորել է ԼՂՀ կառավարությունը:
-0-