Gallup սոցիոլոգիական ծառայության 2009 թ.-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցված է կրթական ծրագրերով արտասահման մեկնել ցանկացողների ամենաբարձր մակարդակը ԱՊՀ երկրների շրջանում:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի հարցված բնակիչների 39 տոկոսը պատրաստ է լքել իրենց երկիրն արտասահմանում ուսանելու համար:
Այս ցանկում Հայաստանին հետևում են Մոլդովան (30 տոկոս), Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը (32-ական տոկոս), Ուկրաինան (20 տոկոս), իսկ հարևան Վրաստանը (31 տոկոս) և Ադրբեջանը (19 տոկոս) այս ցանկում զբաղեցնում են յոթերորդ և ութերորդ տեղերը: Ռուսաստանը 24 տոկոս ցուցանիշով զբաղեցնում է վեցերորդ տեղը:
Gallup-ի փորձագետների կարծիքով՝ արտասահմանում ուսանել ցանկացող ՀՀ քաղաքացիների մեծ քանակությունը թելադրված է հայկական սփյուռքի գոյությամբ, որն աշխարհի ամենախոշորներից մեկն է:
Սոցիալական ծառայության 2009 թ.-ի տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ նախկին Խորհրդային միության 12 երկրների չորս չափահաս բնակիչներից մոտավորապես մեկը պնդում է, որ կցանկանար տեղափոխվել այլ երկիր՝ ժամանակավոր կամ մշտական աշխատանքի համար:
«Արտասահմանում ժամանակավոր աշխատանք գտնել ցանկացողների ամենամեծ տոկոսը գրանցվել է Մոլդովայում (53 տոկոս), երկրորդ տեղում Հայաստանն է (44 տոկոս), այնուհետև գալիս են Բելառուսը (35 տոկո), Ղրղզստանը (34 տոկոս), Ղազախստանը (30 տոկոս), Ուկրաինան (21 տոկոս), Վրաստանն ու Ադրբեջանը (34-ական տոկոս) և Ռուսաստանը (22 տոկոս)», - նշվում է ուսումնասիրության մեջ:
Ըստ Gallup-ի՝ Հայաստանը 39 տոկոսով առաջին տեղում է ընդմիշտ երկիրը լքել ցանկացողների թվով, երկրորդ տեղում Մոլդովան է՝ 36 տոկոս, նրան հետևում է Բելառուսը (20 տոկոս), Վրաստանը (14 տոկոս), Ադրբեջանը (12 տոկոս), Ռուսաստանը (11 տոկոս):
Այս առումով ամենացածր ցուցանիշները գրանցվել են Տաջիկստանում (9 տոկոս), Ուզբեկստանում (6 տոկոս) և Թուրքմենստանում (5 տոկո):-0-