Հայ բժիշկները կարող են տարեկան օրգանների փոխպատվաստման շուրջ 20 վիրահատություն կատարել, ասաց ՀՀ առողջապահության առաջին փոխնախարար Հայկ Դարբինյանը:
«Հայաստանում օրգանների փոխպատվասման վիրահատությունների քանակը մշտապես աճում է. եթե ամենասկզբում մենք տարեկան մեկ-երկու վիրահատություն էինք անցկացնում, ապա հիմա տարեկան 10-12-ական վիրահատություն է իրականացվում: Սակայն մենք ի վիճակի ենք իրականացնել մինչև 20 փոխպատվաստում», - հինգշաբթի կառավարական ճեպազրույցի ժամանակ ասաց Դարբինյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում փոխպատվաստման առաջին վիրահատությունն անցկացվել է 1996 թ.-ին այն ժամանակ բժիշկ, իսկ այժմ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի կողմից: Ինչպես նշեց փոխնախարարը, հիվանդը, ով երիկամի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել, հիմա էլ ողջ է:
Դարբինյանի տվյալների համաձայն՝ մինչ օրս Հայաստանում արդեն երիկամի փոխպատվաստման 70 վիրահատություն է անցկացվել: Միաժամանակ նա նշեց, որ դոնորական օրգանների փոխպատվաստումն անցկացվում է հարազատների մասնակցությամբ, և մեծամասամբ հենց նրանք են դառնում իրենց մտերիմների դոնորները:
Ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, այժմ Հայաստանում փոխպատվաստման վիրահատությունն արժե 4-5 միլիոն դրամ (10,8 հազար դոլարից մինչև 13,5 հազար դոլար): Դարբինյանն ընդգծեց, որ տրանպլանտոլոգիայի զարգացումը կախված է «Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքի արդյունավետ կիրառումից, ինչպես նաև երկրում Դոնորական օրգանների բանկի ձևավորումից:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ դոնորական օրգանների բանկն իրենից ներկայացնելու է լաբորատորիա, որտեղ անհրաժեշտ պայմաններում պահվելու են դոնորական օրգաններ, որոնք վերցվել են հատուկ մասնագիտացված բուժհաստատությունների կողմից: Ինչպես նշեց Դարբինյանը, հայկական բանկը ներառվելու է միջազգային ցանցի մեջ, և անհրաժեշտության դեպքում այլ երկրներից Հայաստան են բերվելու դոնորական օրգաններ և հակառակը:
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել «Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքում փոփոխությունն և լրացումներ կատարելու օրինագիծը, որոնց համաձայն՝ փոխպատվաստում չի համարվում արհեստական օրգանների և կենդանիների օրգանների փոխպատվաստումը: Ըստ փոփոխությունների՝ նման վիրահատությունը համարվելու է իմպլանտացիա:-0-