Մեդվեդևի այցը Երևան նոր որակ կտա հայ-ռուսական հարաբերություններին. Բաղդասարյան

05.08.2010, 10:31
Մեդվեդևի այցը Երևան նոր որակ կտա հայ-ռուսական հարաբերություններին. Բաղդասարյան
Մեդվեդևի այցը Երևան նոր որակ կտա հայ-ռուսական հարաբերություններին. Բաղդասարյան

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` օգոստոսին ծրագրած այցը Հայաստան նոր որակ կտա հայ-ռուսական հարաբերություններին և երկկողմանի համագործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի, ՀՀ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Ըստ նրա, այս այցը կարևոր, փուլային նշանակություն ունի։ «Ռուսաստանը հզոր տերություն է։ Վստահ եմ, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան նոր որակ կտա հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերություններին և նոր հնարավորություններ կստեղծի դրանց խորացման համար»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ այցի համար փաստաթղթերի մի ողջ փաթեթ է պատրաստվում։ Բաղդասարյանը հատուկ անդրադարձավ անվտանգության հարցերին։ Նա նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը սերտորեն գործակցում են այդ ոլորտում։

«Վստահ եմ՝ այցի ընթացքում կքննարկվի հարցերի լայն շրջանակ, որը կվերաբերի անվտանգությանը, հայ-ռուսական երկկողմանի գործակցության զարգացմանը»,- ասաց Բաղդասարյանը։

 «Բացի այդ, գոյություն ունեն հստակ ծրագրեր և նախագծեր։ Ես վստահ եմ, որ այցի ժամանակ այդ նախագծերի և ծրագրերի մի մասն իրականություն կդառնան, իսկ մնացած մասի իրականացման գործում լուրջ քայլ առաջ կարվի»,- ավելացրեց ԱԱԽ քարտուղարը։ -0-