Հայաստանի նարկոլոգիական կենտրոնում բուժված թմրամոլների շուրջ 80 տոկոսը հետագայում վերադառնում են թմրանյութի օգտագործմանը, տեղեկացրեց Կենտրոնի տնօրեն, գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը։
2010թ.-ի հունվարի 1-ի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում 1717 թմրամոլ է գրանցված, ինչը գրեթե 50 տոկոսով բարձր է անցյալ տարվա ցուցանիշների համեմատ։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հանրապետությունում թմրամոլների ընդհանուր թիվը շուրջ 30 հազար մարդ է, որոնցից 25 հազարը նախընտրում են, այսպես կոչված, թեթև թմրանյութեր։
«Թմրամոլների շրջանում ռեցիդիվի մակարդակը բավականին բարձր է՝ բուժված թմրամոլների մինչև 80 տոկոսը վերադառնում են թմրանյութ օգտագործելուն։ Թմրամոլների միայն 20 տոկոսն է լիովին բուժվում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սեմերջյանը։
Ըստ նրա՝ նարկոկենտրոնում բուժման կուրսը 15 օր է, որից հետո հիվանդին տեղափոխում են ամբուլատոր բուժման, իսկ այնուհետև հինգ տարվա ընթացքում նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Սեմերջյանը նշեց, որ այն դեպքում, եթե թմրամոլը դիմանում է ողջ բուժման կուրսին, ապա ռեցիդիվը միայն 5 տոկոս է կազմում։ Նարկոկենտրոնի տնօերնն ավելացրեց, որ թմրամոլների մեջ ռեցիդիվի հիմնական պատճառը սոցիալական պայմաններն են, քանի որ բուժումից հետո հիվանդը վերադառնում է իր նախկին սոցիալական շրջապատ, իր հին ընկերների և հարևանների մոտ և չի կարողանում զերծ մնալ թմրանյութ օգրագործելուց։
Սեմերջյանը տեղեկացրեց, որ Հայաստանի քաղաքացիների համար նարկոկենտրոնում բուժվելը լիովին անվճար է։
«Մեզ մոտ բուժման նորանոր մեթոդներ են կիրառվում, որոնք չեն կիրառվում հարևան երկրներում, այդ թվում նաև՝ Ռուսաստանում»,- հավաստիացրեց նա։ -0-