ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվածների անունները:
«Հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը (Երևան) և ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Մանասյանը (Չարենցավան), Կարո Այվազյանը (Երևան)»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին և մերձավորներին և հավաստիացնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադեպի պատճառները բացահայտելու և մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:-0-