ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հուլիսի 22-ին խորհրդակցական եզրակացություն է կայացրել, ըստ որի՝ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Դատարանը կարծում է, որ միջազգային իրավունքն անկախության հռչակման որևէ տեսանելի արգելք չի պարունակում:
«Կոսովոյի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը քաղաքական որոշում է: Գերտերություններին հարկավոր էր բաժանել սլավոնական ազգերի խումբը», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Ադիբեկյանն ընդգծեց, որ Հաագայի դատարանը չի կիրառում դատական նախադեպը, և Ղարաբաղի հարցում կոսովյան նախադեպի կիրառման մասին բոլոր խոսակցություններն անիմաստ են:
«Այդ պատճառով չարժե Ղարաբաղի ժողովրդին անհիմն հույսեր տալ», - ավելացրեց Ադիբեկյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-