Հայաստանում երիտասարդական կառավարությունը կսկսի գործել սեպտեմբերից

28.07.2010, 16:09
Հայաստանում երիտասարդական կառավարությունը կսկսի գործել սեպտեմբերից

«Երիտասարդական կառավարություն» ծրագիրը կսկսի գործել Հայաստանում սեպտեմբերից, չորեքշաբթի ֆորումի  ժամանակ ասաց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Ըստ նրա` երիտասարդական կառավարության անդամներ կարող են դառնալ գերազանց առաջադիմությամբ վերջին կուրսի ուսանողները, ովքեր զբաղվում են հասարակական գործունեությամբ և ցանկանում են ապագայում կառավարական պաշտոններ զբաղեցնել:

«Ամիսը մեկ անգամ ռոտացիայի սկզբունքով ծրագրի շրջանակներում կառավարությունը կփոխի իր երիտասարդ նախարարներին, ովքեր պետք է նվազագույնը ամսական երեք առաջարկություն ներկայացնեն ՀՀ կառավարությանը»,- ասաց Բաբայանը:

Ըստ նրա` «Երիտասարդական կառավարություն» ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:

Երիտասարդական կառավարության ներկայացուցիչները ծրագրի շրջանակներում հանդիպումներ կանցկացնեն ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչների հետ, որոնց հետ կքննարկեն երկրի ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր:

«Երիտասարդական կառավարության» լավագույն անդամները կներգրավվեն «Հայաստանի երիտասարդական կադրային ռեզերվ» ծրագրում, և նրանց թեկնածությունները կներկայացվեն պետական կամ մասնավոր ձեռնարկությունների պոտենցիալ գործատուներին:

Ինչպես նշում է նախագահը, տվյալ ծրագիրը հավաքագրում է ՀՀ քաղաքացիներին` 20-35 տարեկան բարձրագույն կրթությամբ, ովքեր ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում աշխատանքի ներուժ են տեսնում իրենց մեջ որպես առաջատար մասնագետներ և ղեկավարներ:

«Ցանկացողները պետք է թեստավորում անցնեն փորձագետների և մասնագետների կողմից: Նրանք, ովքեր կանցնեն թեստավորումը, կհրավիրվեն հարցազրույցի»,- ասաց Բաբայանը:

Ինչպես նշեց նախագահը, տվյալ ծրագիրը գործում է ողջ հանրապետությունում և նպատակ ունի ՀՀ բնակչության մեծամասնությանն աշխատանքով ապահովել և այդ կերպ դադարեցնել երկրից միգրացիայի գործընթացը: -0-