ՖԻԴԵ-ն հանուն Արոնյանի թեկնածուների մրցաշարը Բաքվից տեղափոխել է Կազան
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Բաքվից Կազան է տեղափոխել Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի թեկնածուների մրցաշարը, քանի որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Նման որոշում է ընդունվել նախօրեին Նորվեգիայի Տրոմսե քաղաքում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի ժամանակ: 2011 թ.-ին նախատեսված մրցաշարի շրջանակներում հանդիպումների տարեթվերը դեռ չեն որոշվել:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը, ՖԻԴԵ-ի որոշումն ընդունվել է մրցաշարի անցկացման վայրը փոխելու՝ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի առաջարկի հիման վրա:
Նա ավելացրել է, որ առաջին հանդիպման ժամանակ Արոնյանն ուժերը կչափի իսրայելցի Գելֆանդի հետ:
Բացի Արոնյանից թեկնածուների մրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գատա Կամսկին (ԱՄՆ) և Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան):
Մրցաշարի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ հանդիպումներն անցկացվելու են չորս հանդիպումների ձևաչափում՝ ժամանակի դասական վերահսկողությամբ (հարկ եղած դեպքում կազմակերպվում է թայք-բրեյք), իսկ թեկնածուների եզրափակիչ հանդիպումը բաղկացած կլինի վեց հանդիպումից:
Շախմատի աշխարհի գործող չեմպիոնն է Վիշվանաթան Անանդը:-0-