ՀՀ մշակույթի փոխնախարարը Թբիլիսիում կծանոթանա Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքներին

ՀՀ մշակույթի նախարարության փոխնախարար Արև Սամվելյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 5-ին կուղևորվի Թբիլիսի՝ Մուղնեցոնց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման հետագա աշխատանքների քննարկման նպատակով, հաղորդում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Թբիլիսիում Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին (1356թ.-ին կառուցված) քանդվել էր 2009թ.-ի նոյեմբերի 19-ի գիշերը։ Այս կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը և մի շարք հասարակական կազմակերպություններ վրացական իշխանությունների անգործության մասին կտրուկ քննադատությամբ են հանդես եկել։
Նախօրեին Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը գրավոր տեղեկացրել էր ՀՀ մշակույթի նախարարությանը, որ եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով դրա տարածքում նախապատրաստական հետազոտություն է անցկացվում։
Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Զուրաբ Սիմոնիշվիլիի հավաստիացմամբ, նախագծի մշակման աշխատանքներն իրականացնում է փորձառու ճարտարապետ-ռեստավրատոր Շալվա Մելիքիձեն։ Տվյալ պահին իրականացվում է եկեղեցու հիմքի ինժիներա-երկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքները: -0-