Ախթամարի կղզու (Թուրքիա) Սուրբ Խաչ հայկական եկեղեցում՝ աշխարհի հայության մոտ այդքան մեծ աղմուկ առաջացրած ժամերգությունը թուրքական իշխանությունների ձեռքերում քարոզչության հզոր գործիք է դարձել, ուրբաթ լրագրողներին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Վանա լճի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգությունը ծրագրված է սեպտեմբերի 19-ին։
«Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումն ու ժամերգությունը, որն ընդամենը հրաշքով է փրկվել Թուրքիայի հայկական եկեղեցիների, վանքերի և տաճարների ոչնչացման հետևողական քաղաքականության ընթացում, թուրքական քարոզարշավի հզոր գործիք է դարձել։ Փոխարենը Թուրքիան կսկսի Հայաստանից ոչ տրամաբանական զիջումներ պահանջել, ինչպես, օրինակ, Թուրքիայի սահմանների ճանաչումը, Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքներից հայկական զորքի դուրսբերումը»,- ասաց նա։
Մելքոնյանը նշեց, որ թուրքական քարոզարշավի մասին վկայում է օրերս Վանում սկսված «Վանեցիները բացում են դռներն իրենց հին հարևանների առջև» խորագրով ակցիան, որի էությունը ժամերգությանը մասնակցել ցանկացողների բնակեցումն է (հյուրանոցներում ազատ տեղերի բացակայության դեպքում) բնակիչների տներում։
Ինչպես ասաց փորձագետը, թեև ժամերգության ժամանակ եկեղեցում անմիջականորեն ներկա գտնվելու թույլատրված անձանց քանակը խիստ սահմանափակ է՝ 30 հոգուց ոչ ավելի, այսօրվա դրությամբ Վանի հյուրանոցներում արդեն շուրջ 5 հազար տեղ է ամրագրված։
Միաժամանակ Մելքոնյանը նշեց, որ պարտադիր է համարում եկեղեցում ժամերգության ժամանակ հայկական կողմի ներկայությունը, բայց սահմանափակ կազմով, մասնավորապես, հայ հոգևորականությունը պետք է ներկայացվի ոչ ամենաբարձր մակարդակով։
Ըստ նրա՝ Սուրբ Խաչ եկեղեցու՝ մի քանի տարի առաջ սկսված վերականգնողական աշխատանքների հետ մեկտեղ միանգամից ծագել և շարունակում է արդիական մնալ եկեղեցու իրավական կարգավիճակի հարցը։
«Թուրքական իշխանությունները չեն ճանաչել Սուրբ Խաչ եկեղեցին որպես եկեղեցի և նրան թանգարանի կարգավիճակ են տվել, և ներկայումս եկեղեցին համարվում է Ախթամար թանգարան-հուշարձան»,- ասաց Մելքոնյանը։ Ինչը, ըստ փորձագետի, հետագայում եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու խնդրանքի մերժման առիթ դարձավ։ «Թուրքական իշխանությունները պատճառաբանել են մերժումը նրանով, որ «Խաչը չի կարող տեղադրվել թանգարանի վրա»,- ասաց նա։
Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:
Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից Վանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: --0—