Գերմանիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կայցելի Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր գերմանացի գործընկեր Կարլ-Թեոդոր Ֆրայհեր զու Գութենբերգին հրավիրել է պաշտոնական այցով Հայաստան այցելել, ուրբաթ հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հուլիսի 21-22-ը պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Գերմանիա է այցելել ՝ իր գերմանացի գործընկերոջ հրավերով։
«Հուլիսի 21-ին Սեյրան Օհանյանն այցելել է Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի, որտեղ հանդիպել է Գերմանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական պատվիրակությանը ողջունել է արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈւ կազմավորման պատմությունը, խոսել է Հայաստանի առջև դրված խնդիրների և այն ձեռքբերումների մասին, որ ունեցել են հայկական զինված ուժերը պատերազմի և խաղաղության տարիներին, պատասխանել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 22-ին Բոննում` Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարությունում, տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության խորհրդարանական պետական քարտուղար Քրիստիան Շմիդտի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի շրջանակներում, ԵՄ-ի հետ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Կողմերը շեշտել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության բարձր մակարդակը:
Կարևորելով այն փաստը, որ երկու երկրներն էլ միացել են Աֆղանստանում համատեղ առաքելությանը, կողմերը պատրաստակամություն են հայտնել երկկողմ համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար: Երկու գերատեսչությունների միջև համագործակցության հիմնական ոլորտներն են ռազմական կրթությունը, ռազմաբժշկությունը, ռազմական արդարադատությունը, ռազմական կառավարումը, խաղաղապահ և հրամանատարական կարողությունների զարգացումը:
Նույն օրը ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Գերմերշայմ: ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարար դոկտոր Կառլ-Թեոդոր Ֆրայհեր զու Գութենբերգի ուղեկցությամբ Սեյրան Օհանյանն այցելել է Գեներալ-Հանս-Գրաֆ-Սպոնեկ-Բարրաքս վարժական կենտրոն, որտեղ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը նախատեղակայման վարժանք է անցնում Աֆղանստան խաղաղարար առաքելության մեկնելուց առաջ:
ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է վարժական կենտրոնի և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի նախատեղակայման վարժանքի ծրագրերին ու պայմաններին, հետևել է հայ և գերմանացի զինծառայողների վարժանքներին: Հայկական զորախմբի հետ հանդիպման ժամանակ նախարարը խոսել է միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության կարևորության մասին, հայ խաղաղապահների հետ քննարկել է նրանց ծառայության պայմանները:
«Վարժական կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում երկու պետությունների պաշտպանության նախարարները ներկայացրել են այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ իրենց տպավորությունները, խոսել են վարժարանի պայմանների բարձր մակարդակի և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական միտումների մասին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախարար ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարար զու Գութենբերգին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-