ՀՀ ԱԳ նախարարը Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը հարցականի տակ է դնում Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման կարևորությունը:
Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման թարմացված առաջարկները, որոնք ստացել են «սանկտպետերբուրգյան առաջարկներ» անվանումը:
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կողմերին աշխատանքային առաջարկներ են ներկայացվել, ինչը բավականին հաճախ է արվում: Միաժամանակ Պոլուխովը նշել է, որ այդ աշխատանքային առաջարկներն իբրև թե պատրաստվել են միայն մի կողմի մասնակցությամբ, և «նման կերպով Մինսկի խմբի ձևաչափը չի պահպանվել»:
«Այսօր ադրբեջանցիները մի կողմից ասում են, որ շնորհակալ են, գնահատում են Ռուսաստանի ջանքերը, բայց մյուս կողմից հարցականի տակ են դնում սանկտպետերբուրգյան հանդիպման կարևորությունը», - ասել է Նալբանդյանը «Միասին» երիտասարդական շարժման ամառային ճամբարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ վերջին շրջանում վեց հանդիպում է կայացել Ռուսաստանի բարձր նախաձեռնությամբ:
«Հարց է առաջանում՝ ինչու՞ էին մասնակցում այդ հանդիպումներին, եթե դրանք իրենց համար կարևորություն չունեն», - նշել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ «դեկտեմբերյան առաջարկությունների» մասին է շարունակում պնդել Ադրբեջանը, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ եռանախագահները 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը և այն, իբրև պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը: Նրա խոսքերով՝ դրանից հետո եղել են երկու տասնյակից ավելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է ընդունել 2009թ. դեկտեմբերյան աշխատանքային առաջարկը՝ բայց որոշ բացառություններով:
«Պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունված մասը: Հետո, ի՞նչ է նշանակում ընդունել բացառություններով: Դա փաստացի նշանակում է չընդունել», - ասել է Նալբանդյանը:
Նա հիշեցրել է, որ 2010թ.-ի հունվարին Սոչիում ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ և ներկայությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնարարել ԱԳ նախարարներին`շարունակել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի միջնորդությամբ:
«Նախարար Լավրովի միջնորդությունը վայելում էր և վայելում է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի լիակատար աջակցությունը, ինչի վկայությունն է Ալմաթիի հայտարարությունը», - ասել է Նալբանդյանը:
Նրա խոսքերով՝ 2010 թ. փետրվար-հունիս ամիսներին կայացել են բազմաթիվ շփումներ արտգործնախարարների մակարդակով, քննարկվել են մի շարք աշխատանքային առաջարկներ` մադրիդյան փաստաթղթի հիման վրա:
«Այս բանակցությունների արդյունքում մշակվել են մադրիդյան փաստաթղթի վերջնական տարբերակը, որը ներկայացվել է հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ, և համաձայնություն ձեռք բերվեց շարունակել բանակցությունները հենց այդ տարբերակի հիման վրա», - նշել է Նալբանդյանը:
Հուլիսի 17-ին Ալմաթիում ընդունված հայտարարության մեջ ՄԽ համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարները հղում են կատարել 2009 թ.-ի դեկտեմբերի 1-ին Աթենքում կայացած ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ արված Լեռնային Ղարաբաղի մասին համատեղ հայտարարությանը և կողմերին հիշեցրել են Հելսինկյան Եզրափակիչ Ակտում ամրագրված սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու նրանց պարտավորությունների մասին: Հելսինկյան Եզրափակիչ Ակտի սկզբունքների թվում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը և սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավահավասարությունն ու իրավունքը: Նրանք հաստատել են, որ 2009 թ.-ի հուլիսի 10-ին Լ’Աքվիլայում և 2010 թ.-ի հունիսի 26-ին Մուսկոկում նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի կողմից ձևակերպված դրույթները պետք է դառնան հակամարտության արդար և երկարատև կարգավորման հիմքը:
Հայտարարության մեջ նշվում է, որ առաջարակված դրույթները մեկ ամբողջություն են կազմում, և դրանցից որևէ մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ բացառում է հավասարակշիռ որոշման ընդունման հնարավորությունը:
Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթեյնբերգը երախտագիտություն են հայտնել ՌԴ նախագահ Մեդվեդևին և արտգործնախարար Լավրովին՝ կողմերի միջև տարաձայնությունների հաղթահարմանն ուղղված նրանց ջանքերի համար՝ հաշվի առնելով 2010 թ.-ի հունվարի 25-ին Սոչիի և 2010 թ.-ի հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում քննարկված դիրքորոշումները:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-