ՀՀ կառավարությունը փոխել է հայ-ռուսական սահմանային հանձնաժողովի կազմը

22.07.2010, 16:16
ՀՀ կառավարությունը փոխել է հայ-ռուսական սահմանային հանձնաժողովի կազմը
ՀՀ կառավարությունը փոխել է հայ-ռուսական սահմանային հանձնաժողովի կազմը

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ փոխել է հայ-ռուսական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը, որը գործում է 1992 թ.-ի սեպտեմբերի 30-ին ստորագրված  «Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և գործունեության պայմանների մասին» պայմանագրի շրջանակներում:

Ինչպես նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, հանձնաժողովը գործում է արդեն երկար ժամանակ, և նրա սկզբնական կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք անհրաժեշտ է արտացոլել նորմատիվաիրավական ակտերում:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ համատեղ հանձնաժողովի հայկական կողմում ներառվել են ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը:

Հայաստանի պետական սահմանի պահպանությունը սահմանապահ վարչության հատվածում իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի գործող օրենսդրությունների պահանջներին և «Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ինչպես նաև այդ պայմանագրին կից համաձայնագրերին համաձայն:

Հայաստանի տարածքում գործում են Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության 58 սահմանային ուղեկալ:-0-