ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որպես հումանիտար օգնություն 40 մլն դրամ է (շուրջ 109 հազար դոլար) հատկացրել Ղրղզստանին։
Ինչպես հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Ղրղզստանն ավելի վաղ դիմել է ԱՊՀ երկրներին՝ իրենց հնարավորությունների շրջանակներում հումանիտար, ֆինանսական և տեխնիկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով։
«Մենք որոշում ենք կայացրել որպես հումանիտար օգնություն Ղրղզստանին 40 մլն դրամ հատկացնել»,-տեղեկացրեց նախարարը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ Ղրղզստանի հումանիտար օգնությունն արդեն թվով երրորդը կլինի, որ հատկացրել է ՀՀ կառավարությունը արտասահմանյան պետություններին։
«Մենք արդեն օգնություն ենք ցուցաբերել Հաիթիին և Տաջիկստանին։ Մենք՝ մեր ֆինանսական հնարավորությունների շրջանակներում, օգնում ենք մեր գործընկերներին»,- հայտնեց վարչապետը։
ՀՀ կառավարությունն ավելի վաղ արդեն 100 հազարական դոլար էր հատկացրել ավերիչ երկրաշարժերից տուժած Հաիթիին և Տաջիկստանին։ -0-