ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, նախօրեին Ժնևում Մոնակոյի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ֆրանսուա Ռոբիյոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպումը տեղի է ունեցել Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակներում:
«Այլ ձևաչափ (կարգավորման) մեր երկրի համար ընդունելի չէ», - ասել է Աբրահամյանը: Նա Ռոբիյոնին մանրամասն ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչին կնպաստեն երկկողմ և բազմակողմ գործակցությունը, փոխայցելությունները:
ՀՀ ԱԺ նախագահը անհրաժեշտ է համարել նաև համագործակցությունը միջազգային կառույցներում: Մոնակոյի խորհրդարանի նախագահը նույնպես կարևորել է գործակցությունը միջազգային կազմակերպություններում և համագործակցության պատրաստակամություն հայտնել:-0-