ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանն իր պահվածքով աշխատում է ղարաբաղյան խնդրի շուրջ ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ, կարծում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքերով՝ այժմ հարցն այն է, թե իսկապե՞ս Ադրբեջանը ցանկանում է կարգավորել խնդիրը, թե՞ ողջ բանակցային գործընթացն օգտագործում է որպես շղարշ՝ սեփական, իրականությունից հեռու ցանկությունները որպես բանակցությունների առարկա ներկայացնելու նպատակով:
«Կամ Ադրդբեջանն իսկապես հասկանում է, որ հարցի լուծման համար որոշակի փոխզիջումներ են անհրաժեշտ կամ շարունակելու է միակողմանի ձևով առաջ քաշել «ամեն ինչ կամ ոչինչ», «ամեն ինչ կամ պատերազմ» պահանջները», - ասել է Քոչարյանը «ԱՐ» հեռուստաընկերության տված հարցազրույցում:
Նրա խոսքերով՝ Բաքուն կարծում է, որ այս սպառնալիքների արդյունքում հայկական կողմերը կարող են շանտաժի ենթարկվել:
Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի հենց սկզբից ընտրել է ուժային քաղաքականությունը, ինչի ապացույցներն էին Սումգայիթի, Բաքվի, Շամխորի և այլ բնակավայրերի ջարդերը, որտեղ հայեր էին բնակվում, ինչպես նաև՝ էթնիկ զտումների քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիան: ՀՀ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ կար ժամանակ, երբ Ղարաբաղի տարածքի 40 տոկոսը ադրբեջանական օկուպացիայի տակ էր գտնվում:
«Իրականում պարտվելով պատերազմում՝ Ադրբեջանն ինքը 1994 թ.-ին զինադադար խնդրեց, սակայն նրա մոտեցումը չփոխվեց: Հետևաբար, ինչպիսին կլինի ապագան (ղարաբաղյան խնդրի), կախված է Բաքվի դիրքորոշումից: Եթե Ադրբեջանը շարունակում է հետամուտ լինել այս ոճին, ապա դա նշանակում է, որ նա անում է ամեն ինչ՝ գոյություն ունեցող ստատուս-քվոն պահպանելու համար», - նշել է Քոչարյանը:
Նրա խոսքերով՝ եթե Ադրբեջանը, այնուամենայնիվ, կփորձի փոխզիջման գնալ և չի պահանջի միակողմանի զիջումներ, ապա որակապես նոր իրավիճակ կստեղծվի, որի դեպքում կարելի կլինի խոսել հնարավոր լուծումների մասին:
«Կարծում եմ, որ այսօր, երբ մենք Ադրբեջանի կողմից հարցի խաղաղ լուծմանն ուղղված իրական մոտեցում դեռ չենք տեսնում, վաղ է խոսել դրա մասին», - ասել է Քոչարյանը:
Նրա խոսքերով՝ այսօրվա պայմաններում, երբ Բաքուն չունի փաստարկներ, նրան ձեռնտու չէ ոչ իրավական հիմքը, ոչ փաստացի իրավիճակը, ոչ էլ բանակցային գործընթացը, ապա նրան ոչինչ չի մնում բացի սպառնալիքներից և փաստերի խեղաթյուրումից:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-