Հայաստանում անհրաժեշտ է պետական երիտասարդական քաղաքականության մասին օրենք ընդունել, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով ՀՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։
«Այդ ոլորտում պետական քաղաքականությունը կարգավորող օրենքի բացակայությունը շատ վատ է։ Դա նշանակում է, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այժմ Հայաստանում երիտասարդական քաղաքականությունը կուսակցական մակարդակով է իրականացվում, այսինքն՝ ամեն կուսակցություն իր երիտասարդական թևն ունի, որը տարբեր ծրագրեր է իրականացնում»,- ասաց պատգամավորը։
Դավթյանը նշեց, որ ներկայումս ՀՀ Ազգային ժողովում պետական երիտասադական քաղաքականության վերաբերյալ երկու օրինագիծ է ներկայացված, դրանցից մեկը ներկայացվել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից, մյուսը՝ կառավարության կողմից։
«Խնդիրն այն է, որ օրինագիծը, որը մշակվել է Դալլաքյանի կողմից, մեծ ֆինանսական միջոցների տրամադրում է նախատեսում, որոնք մեր պետբյուջեում պարզապես գույություն չունեն։ Իսկ կառավարության օրինագիծը մեծ մասամբ դեկլարատիվ բնույթ է կրում»,- ավելացրեց հանձնաժողովի ղեկավարը։
Նա նշեց, որ երկու օրինագծերը կքննարկվեն խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ, և հնարավոր է՝ դրանց միջև օպտիմալ փոխզիջում լինի։ -0-