ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ժուկովի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա պետական այցը Հայաստան երկկողմ հարաբերություններում նոր փուլի սկիզբ կդառնա, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Անդրադառնալով հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին` երկուստեք ընդգծվել է, որ դրանք զարգանում են ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալը նշել է, որ երկու երկրների միջև բոլոր մակարդակներով արդյունավետ երկխոսությունն ամուր հիմք է հանդիսանում նոր ծրագրերի իրականացման ու փոխգործակցության հետագա ընդլայնման համար:
Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը նաև շնորհավորել է Ալեքսանդր Ժուկովին` ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ իր աշխատանքով նա նոր թափ կհաղորդի Ռուսաստանում արդեն իսկ լավ ավանդույթներ ունեցող սպորտի և օլիմպիական շարժման զարգացմանը։
Ըստ նախագահի՝ դա անկասկած կնպաստի այդ ոլորտում ևս Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդմանը։
Ժուկովի Հայաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրների օլիմպիական կոմիտեների միջև համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել։ -0-