Օտարալեզու դպրոցների բացումը միջդպրոցական մրցակցություն կստեղծի Հայաստանում. ՌՀՀ պրոռեկտոր
Օտար լեզվով ուսուցմամբ դպրոցների բացումը միջդպրոցական մրցակցություն կստեղծի Հայաստանում, այդ կարծում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը։
Հայաստանի խորհրդարանը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների՝ դպրոցներում օտարալեզու ուսուցման ներմուծում ենթադրող փոփոխությունների և լրացումների կատարման մասին օրինագիծը, որը ենթադրում է օտար լեզվով, այդ թվում՝ ռուսերենով ուսուցմամբ դպրոցների ներդրում։ Օրինագծի նախնական տարբերակը դժգոհություն է բերել հասարակության մեջ և նաև բողոքի ակցիաներով է ուղեկցվել։
«Հնարավոր է՝ հանրապետությունում նման դպրոցների բացումը կստիպի մեր դպրոցներին սկսել ոչ միայն իրականացնել նրանց վրա դրված օտար լեզուների արդյունավետ ուսուցման առաքելությունը, այլև առաջին հերթին հայոց լեզվի»,-շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Սարգսյանը։
Ըստ պրոռեկտորի՝ նման պրակտիկան ոչ միայն լեզուների ըստ պատշաճի ուսուցման կբերի, այլև թույլ կտա հաղորդակցվել օտարերկրյա մշակույթին և գրականությանը։
«Արդեն մեկ անգամ մենք այդ սխալը գործել ենք, երբ սկսեցինք փակել ռուսական դպրոցները։ Մտածում էին բարձացնել հայկականի մակարդակը, իսկ արդյունքում զրկվեցինք մեծ ռուսական մշակույթի հետ կապից»,- ասաց Սարգսյանը։
Ինչպես նշում է պրոռեկտորը, դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը դադարում է հայրենասեր լինել, այլ միայն վկայում է պետության կողմից իրականացվող քաղաքականության հեռատեսության մասին։
«Պետք է հասկանալ, որ այն աշխարհաքաղաքական պայմաններում, որոնք այսօր առկա են, ուղղակի անհրաժեշտ է քաղել օտարերկրյա փորձն ու գիտելիքը։ Այդ պատճառով ավելի լավ կլիներ, եթե արևելյան լեզուների ուսումնասիրման հայեցակարգ ևս քննարկվեր»,- նշեց Սարգսյանը։
Նոր փոփոխություններով նախատեսվում է երկրում օտարալեզու ուսուցմամբ 12 դպրոց ստեղծել նախկին 15-ի փոխարեն, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու դպրոց կլինի մասնավոր, դրանք կգործեն Ջերմուկում և Դիլիջանում: --0—