ԵԱՀԿ ՄԽ համախագահ երկրները կողմերին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ են անում

17.07.2010, 16:06
ԵԱՀԿ ՄԽ համախագահ երկրները կողմերին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ են անում
ԵԱՀԿ ՄԽ համախագահ երկրները կողմերին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ են անում

ԵԱՀԿ ՄԽ համախագահ երկրները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում հավատարիմ մնալ հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին՝ ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներին, ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: 

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Բերնար Քուշները և պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը շաբաթ օրը Ղազախստանում  Հայաստանի և Ադրբեջանի  արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մահմեդյարովի հետ   հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

Նրանք նշել են, որ այդ սկզբունքներն իրենցից մի ամբողջականություն  են ներկայացնում, և մյուսների նկատմամբ սկզբունքներից որևէ մեկին նախապատվության ցանկացած փորձ անընդունելի է և անհավասարակշիռ որոշման կհանգեցնի։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-