Սևանա լճի մոտակայքում մարզաբազայի ստեղծման նախագիծը ՀՀ վարչապետ Տիգրան Սարսգյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի գլխավորությամբ Երևանում գտնվող ռուսական պատվիրակությանը:
«Մեզ Սևանում բազայի ստեղծման վերաբերյալ շատ հետաքրքիր նախագիծ ներկայացրեցին: Այնտեղ բարձրությունն ավելի քան 1900 մետր է, ինչը լավ պայմաններ է բարձր լեռնային շրջաններում մարզիկների մարզման համար», - շաբաթ օրը Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ժուկովը:
Նրա խոսքերով՝ Սևանում նման բազայի ստեղծումը կարող է լավ համալրում դառնալ Ծաղկաձորի բազային, այն ևս կարող է օգտագործվել մարզիկների, մասնավորապես, թեթև ատլետների, լողորդների, դահուկորդների, բիատլոնիստների, ծանրորդների համար:
«Մարզիկները կարող են մարզվել բարձր լեռնային պայմաններում, և նման մարզումը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, շատ արդյունավետ է», - ասաց Ժուկովը:
Խոսելով Ծաղկաձորում գործող մարզաբազայի մասին՝ փոխվարչապետը նշեց, որ այն Խորհրդային Միությունում ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային մարզաձևերի մարզիկների նախապատրաստման բազան էր:
«Այժմ էլ այն ակիտվորեն օգտագործվում է, համենայն դեպս, ռուսաստանցի մարզիկների կողմից: Կարծում եմ, որ այն կարող է նման բազա դառնալ ԱՊՀ բոլոր երկրների համար», - ընդգծեց Ժուկովը:
Նա հույս հայտնեց, որ շաբաթ օրը Հայաստանի և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեների միջև ստորագրված համաձայնագիրը համագործակցության շատ լավ հեռանկարներ կստեղծի:-0-