ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել արծաթե հուշադրամ՝ նվիրված ջազին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել արծաթե հուշադրամ` նվիրված ջազին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
Մամուլի հաղորդագրության համաձայն, 1000 դրամ անվանական արժեքով մինչև 10000 արծաթե հուշադրամ է թողարկվել։ Հուշադրամը պատրաստված է 925-անոց արծաթե հարգից՝ 38,61 մմ տրամագծով և 28,28 գրամ քաշով։
Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն ներկայացված են համապատասխանաբար հետևյալ մակագրությունները` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Դաշտի ներքևի աջում երկու տողով հորիզոնական նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «1000» և «ԴՐԱՄ»: Դաշտի կենտրոնի ձախում շրջանագծի մոտ հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` «2010»:
Հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված են ջազային նվագախումբ և ոճավորված երաժշտական գործիքներ, որոնք եզերված են գծավոր շրջանագծով:
Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով լատինատառ մակագրություն է՝ «Maestoso»: Դաշտի ներքևում երկու տողով հորիզոնական անգլերեն և հայերեն մակագրված են համապատասխանաբար` «JAZZ» և «ՋԱԶ»:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:
Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա): -0-