Թափառող կենդանիների խնդրի վերաբերյալ տարածաշրջանի առաջին համաժողովը կանցկացվի Երևանում
Թափառող կենդանիների, մասնավորապես շների խնդրի վերաբերյալ առաջին համաժողովը կանցկացվի Երևանում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին համաժողովի կազմկոմիտեից։
«Սա առաջին համաժողովն է հետխորհրդային երկրներում, որը նպատակ ունի ստեղծել մի հենահարթակ, որտեղ կկարողանան այդ խնդրի վերաբերյալ ունեցած փորձը կիսել կենդանիների պաշտպանման վերաբերյալ հասարակական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները, իշխանության և գիտական հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև շահագրգիռ քաղաքացիները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցողները կներկայացնեն թափառող կենդանիների կրճատման ժամանակակից մեթոդները, որոնք համահունչ են նաև բարոյական չափանիշներին։
«Ներկայում Հարավային Կովկասում, ներառյալ Երևանում, պատկան մարմինները փորձում են խնդիրը հաղթահարել՝ շահույթ հետապնդող ընկերություններին պատվիրելով կրակել կենդանիներին՝ հիմնականում շներին։ Դժբախտաբար, սա ոչ միայն անմարդկային, այլև անարդյունավետ է, և այլ մեթոդներ են հարկավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ քաղաքապետարանը հետաքրքրություն է հայտնել, որպեսզի Երևանում հրավիրված փորձագետներին ներգրավեն քաղաքի թափառող կենդանիների խնդրի կայուն լուծմանը։
Համաժողովին կմասնակցեն Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ուկրաինայի կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունները։ Ընդհանուր առմամբ համաժողովին կմասնակցի ավելի քան 100 պատվիրակ Հայաստանից և տարածաշրջանի երկրներից։ -0-