Ադրբեջանը պետք է Ղարաբաղին բանակցային կողմ ճանաչի. ՀՀ ԱԺ խոսնակ

14.07.2010, 13:01
Ադրբեջանը պետք է Ղարաբաղին բանակցային կողմ ճանաչի. ՀՀ ԱԺ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ ճանաչելը կնպաստի արդյունավետ և ամբողջական բանակցությունների կայացմանը, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ նախօրեին ելույթ ունենալով Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի հատուկ նիստի ժամանակ:

«Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեռևս միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով, ներկայացնում և պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող փոխարինել նրան: Որպես հետևանք չի կարող ԼՂՀ կենսական շահերին վերաբերող հարցերով ստանձնել պարտավորություններ վերջինիս փոխարեն», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին խոսնակի խոսքերը ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Խոսնակի խոսքերով՝ այս իրողությունների անտեսումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:

«Պատահական չէ սահմանի վրա վերջերս տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքը, որի հետևանքով զոհվեցին 5 հայ և մեկ ազերի զինվորներ», - ասել է Աբրահամյանը:

Նա ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր որդեգրած ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է տարածաշրջանում իր նավթային գերշահույթների հաշվին սպառազինությունների մրցավազքը` խախտելով Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով սահմանված բոլոր նորմերը:

«Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը չի դադարում  մշտապես հանդես  գալ ռազմատենչ հայտարարություններով` իր հասարակության մեջ թշնամանք սերմանելով հայերի նկատմամբ: Սակայն ողջ տարածաշրջանի համար վտանգավոր գործելակերպ որդեգրած Ադրբեջանի կեցվածքը մինչ օրս չի արժանացել որևէ գնահատականի միջազգային համապատասխան ատյանների կողմից», - ավելացրել է ՀՀ ԱԺ խոսնակը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-